Հայաստանը մեկ տարի առաջ վավերացրեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը:
Պայմանագիրը երկու հիմնական պարտավորություն է սահմանում պետությունների համար։
Առաջինը հեղինակային իրավունքի նկատմամբ սահմանափակումներ և բացառումներ նախատեսելն է։ Առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության համապատասխան կառույցներին թույլատրվում է մշակել ստեղծագործության մատչելի տարբերակը և դրանք տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց։ Օրինակ՝ թույլատրելի է առանց հեղինակի համաձայնության տպագրել գրքի բրայլյան տարբերակը և տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց։
Երկրորդ պարտավորությունն այն է, որ պետք է թույլատրվի մատչելի ձևաչափերով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումը։ Օրինակ՝ եթե հայերեն տպագիր գիրքը մատչելի է դարձել աուդիո տարբերակով, ապա դրանք կարելի է ուղարկել Մարաքեշի պայմանագիրը վավերացրած երկրի հաշմանդամություն ունեցող հայախոս անձանց՝ չխախտելով հեղինակի իրավունքները։
Թեև այս կարևոր պայմանագիրը վավերացվել է Ազգային ժողովի կողմից 2020 թվականին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արել վերջին գործողությունը։ Պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը մեկ տարի անց դեռ ի պահ չի հանձնվել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին։
Այս փաստը մեզ հաստատել է և՛ ՄՍՀԿ-ն, և՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ նախարարության՝ Պայմանագիրն ավանդապահին ի պահ չի հանձնվել, քանի որ պայմանագրի վերաբերյալ հայտարարության տեքստը գտնվում է քննարկման փուլում։
Գործընթացն ավարտին հասցնելու համար հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը և ակնկալում նրանց արագ արձագանքը։
Կարդալ պայմանագիրը Տեսնել ԱԳՆ պատասխանը