Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն հրապարակել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խորհրդակցության արդյունքները։
2021 թ. փետրվարին անցկացված խորհրդակցության հիմնական նպատակը տարածաշրջանում ապաինստիտուցիոնալացման հաջող ընթացքին խոչընդոտող հանգամանքների բացահայտումն էր և հաղթահարումը։ Կոմիտեն խորհրդակցություններ էր հրավիրել բոլոր տարածաշրջաններում գործող հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների դիտարկումները լսելու և դրանք ապաինստիտուցիոնալացման մասին մշակվող իր ուղեցույցում ընդգրկելու համար։
Փակ խորհրդակցությանը մասնակցել էր նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ղեկավար Մուշեղ Հովսեփյանը։ Նա ներկայացրել է ապաինստիտուցիոնալացման գործընթացների վրա ունեցած արտակարգ իրավիճակների (հակամարտություն և համավարակ) բացասական ազդեցությունը։
Խորհրդակցության բանավոր շրջափուլում Մուշեղ Հովսեփյանը նշել է, որ արտակարգ իրավիճակները ոչ միայն նոր մարտահրավերներ են ստեղծում, այլ նաև սաստկացնում են առկա խնդիրները՝ ինչպիսին վատ կառավարումն է։
Ընդգծելով միաժամանակ երկու արտակարգ իրավիճակների բացասական հետևանքները հաշմանդամություն ունեցող անձանց վրա՝ կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է Ադրբեջանի կողմից վերջին պատերազմի ընթացքում կասետային ռումբերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործման հանգամանքը Արցախի բնակելի շրջաններում, ինչն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով, այդ թվում` հաշմանդամություն ունեցող ազգությամբ հայերի գլխատումներով և խոշտանգումներով։
Հաշվի առնելով հակամարտության ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա, կազմակերպությունը ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել է ապաինստիտուցիոնալացման մասին ուղեցույցը մշակելիս հաշվի առնել նաև հետևյալ առաջարկները.
1. Կոմիտեն պետք է մասնակից պետություններին առաջարկի հնարավոր արտակարգ իրավիճակների լույսի ներքո բարեփոխել քաղաքականությունները, օրենքները և գործելակերպերը՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց։
2. Կոմիտեն պետք է հստակեցնի, որ հակամարտությունների կանխարգելումն անքակտելիորեն կապված է հաշմանդամություն ունեցող անձանց և անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի հետ, և խաղաղությունը ապաինստիտուցիոնալացման նախապայմաններից է։
3. Ուղեցույցը պետք է հաշվի առնի միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները՝ առաջարկելով մասնակից պետություններին՝
- առաջնահերթ համարել հակամարտություններից տուժած և բարձր ռիսկային տարածքներում գտնվող հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը, առողջությունը և անվտանգությունը,
- ապահովել, որ ռազմական նշանակետերը կամ օբյեկտները, որոնք իրենց բնույթով նպաստում են ռազմական գործողություններին, տեղակայված լինեն հաստատություններից համապատասխան հեռավորության վրա, հարգել առավելագույն հնարավոր միջոցներով թիրախների ռազմական նշանակետեր լինելու հանգամանքը ստուգելու պարտավորությունը,
- առաջնահերթություն համարել հաստատություններում և այն համայնքում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց տարհանումը, որոնք ռիսկային են համարվում օդային հարձակումների տեսանկյունից,
- երբ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձինք անվտանգության անհետաձգելի պատճառներով տեղափոխվել են այլ հաստատություն, ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կամավոր հայրենադարձությունը և երաշխավորել իրենց երկրում կամ ծագման համայնքում ապրելու իրավունքը՝ բացառելով վերադարձը հաստատություններ,
- զերծ մնալ փախստականների կամ ներքին տեղահանվածների ճամբարները հաստատությունների վերակազմակերպումից, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զրկված լինել ազատությունից և սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքից:
Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ այս մարտահրավերներին դիմակայելու համար կոմիտեն պետք է ներառի առաջարկություններ՝ կոչ անելով պետություններին բոլոր արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի ժամանակ հավաքել, վերլուծել և տարածել տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակի մասին։
Կոմիտեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ գրավոր և բանավոր առաջարկությունների հիման վրա տարածաշրջանային խորհրդակցության ամփոփիչ տեքստում հակամարտություններին վերաբերող երկու առաջարկություն է առանձնացրել՝
- Ընդունել բարեփոխման քաղաքականություններ, օրենքներ և գործելակերպեր՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը հակամարտությունների ժամանակ,
- Զինված հակամարտությունից տուժած երկրները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները հակամարտությունների հետևանքով տուժած բնակչության կողմից մարդու իրավունքներից օգտվելը երաշխավորող միջոցառումների մշակման գործում:
Խորհրդակացության ամփոփումների հիման վրա Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն առաջիկայում կհրապարակի ապաինստիտուցիոնալացման մասին ուղեցույցը՝ կոնվենցիան վավերացրած պետությունների համար հստակեցնելով պարտավորությունների շրջանակը։
Բեռնել խորհրդակցության ամփոփումը [անգլերեն]
Թեմային առնչվող հրապարակում սոցիալական մեդիայում՝
Today, I delivered a statement to the UN Committee on the Rights of Persons with Disabilities on deinstitutionalization in emergencies urging the Committee to recommend state parties to reform policies in light of possible emergencies to protect the rights of PWDs. #CRPDArmenia pic.twitter.com/7os5l0MMzi
— Mushegh (@Mushegh1) February 25, 2021