«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի իրականացումը գնահատելու նպատակով հրավիրում է տվյալների հավաքման ծառայություններ մատուցողներին ներկայացնելու գնային առաջարկներ։
Փորձագիտական ծառայության նպատակը
Աջակցել մշտադիտարկման համար պատասխանատու անձին գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման և մշակման աշխատանքներում։
Աշխատանքի ծավալը
Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝
● Հաստատված մեթոդաբանությամբ հավաքել տվյալներ գործողությունների կատարման կամ չկատարման մասին,
● Պատրաստել գրություններ, հարցաթերթեր, մոնիթորինգի և գնահատման մասնագետի ցուցումների հիման վրա իրականացնել հարցազրույցներ և քննարկումներ,
● Աջակցել խորհրդակցությունների, քննարկումների կազմակերպմանը,
● Իրականացնել համալիր ծրագրի գնահատման համար անհրաժեշտ այլ աշխատանքներ։
Ակնկալվող արդյունքները
● Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի գնահատման համար անհրաժեշտ տվյալների փաթեթ
Պահանջվող որակավորում
● Բարձրագույն կրթություն
● Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների կամ սոցիալական ուսումնասիրությունների ոլորտներում
● Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի իմացություն
● Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ
● Գրական հայերենի (գերազանց) իմացություն
Ժամկետները և այլ մանրամասները
Ծառայության ընդհանուր տևողությունը` 5 ամիս: Աշխատանքները պետք է սկսել 2021 թ. հուլիսի 20-ից:
Ծառայությունների մատուցման առավելություններից է պետական կառավարման համակարգի մարմինների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ աշխատանքային հարաբերությունների ձևավորման հնարավորությունը։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
● Ինքնակենսագրական (CV),
● Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2021 թ. հուլիսի 18-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Data Collection 03»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծրագրի մասին
Ծառայությունն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։