Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են Երկրի բնակչության առնվազն 15%-ը, սակայն շարունակում են մնալ աղետներից ամենաշատ տուժածների թվում։ Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դուրս են մնում արտակարգ իրավիճակների պատրաստությանը և աղետների ռիսկի նվազեցմանն (ԱՌՆ) ուղղված գործողություններից։ Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց մահացության մակարդակը հակված է երկուսից չորս անգամ ավելի բարձր լինել, քան մնացած բնակչությանը, ինչպես արձանագրվել է 2011 թվականի Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի և ԱՄՆ-ում Կատրինա փոթորկի ժամանակ։
Եվրոպան և Կենտրոնական Ասիան բացառություն չեն, և COVID-19-ը դրա ամենավերջին օրինակներից մեկն է: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վիճակագրությունը 2021 թվականի սկզբից ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են COVID-19-ի հետ կապված մահվան 10 դեպքերից վեցը: Նման միտումներ են նկատվում նաև այլ ճգնաժամային իրավիճակներում, ներառյալ ջրհեղեղները, եղանակային ծայրահեղ երևույթները և անտառային հրդեհները:
Նախապատրաստվելով 2021 թվականի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումը (EDF) ուսումնասիրել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հաշմանդամության առումով ներառական աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և պրակտիկայի փորձերը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն աջակցել է ուսումնասիրությանը, և դրանում տեղ են գտել աղետների ռիսկերի նվազեցման հայաստանյան քաղաքականության և պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ։ Կազմակերպությունն իր դիտարկումներն արել է՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի» գնահատման նախնական արդյունքները։
Գնահատումն իրականացվում է «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի շրջանակներում, որի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
Բեռնել ուսումնասիրությունը (անգլերեն)
Բեռնել քաղաքականության փաստաթուղթը (անգլերեն)